Jump to content

Մալավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալավի
Մալավիի դրոշ Զինանշան


Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն և երկիր
Ներառում էCentral Region?, Northern Region? և Southern Region?
Պետական լեզուանգլերեն և Chewa?
ՄայրաքաղաքԼիլոնգվե
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարԼազարուս Չակվերա[1]
Կառավարության ղեկավարԼազարուս Չակվերա
Ազգաբնակչություն 16 777 547
Խտություն118 մարդ/կմ²
ՀիմնՄուլունգու դաիցա Մալավի
ԿարգախոսUnity and Freedom, The warm heart of Africa և Undod a Rhyddid
Հիմնադրված էհուլիսի 6, 1964 թ.
ԱրժույթՄալավիական կվաչա
Կենտրոնական բանկReserve Bank of Malawi?
Ժամային գոտիUTC+2 և Africa/Blantyre?[2]
Հեռախոսային կոդ+265
Ինտերնետ-դոմեն.mw
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,512[3]
malawi.gov.mw

Մալավիի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Malawi, մինչ 1964 թվականը Նյասլենդ, անգլ.՝ Nyasaland), երկիր Արևելյան Աֆրիկայում։ Հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Մոզամբիկի (սահմանի երկարությունը՝ 1569 կմ), արևմուտքում՝ Զամբիայի (837 մ), հյուսիսում՝ Տանզանիայի (475 մ) հետ։ Արևելքում Մոզամբիկի և Տանզանիայի հետ սահմանն անցնում է Նյասա լճով։

Մայրաքաղաքը Լիլոնգվեն է։

Անվանում

Անվանումը չինյանջա լեզվի բարբառներից մեկով նշանակում է «լճի վրա փայլող լույս» (հավանաբար նկատի են ունեցել նախամայրամուտյան ժամին լճի մթնող մակերեսին չըխկացող արևի ճառագայթների հանած կրակի կայծիկները)։ 15-րդ դարի վերջին Մալավիի տարածքում՝ Նյասա լճի շրջանում, կազմավել է մալավի ցեղային միությունը, որն իր առաջնորդ Կարոնգիի մահից հետո քայքայվել է։

Պատմություն

Մալավիի տարածքում վաղուց ի վեր բնակվել են բանտու լեզվախմբի ցեղեր: XV դ. վերջին Նյասա լճի շրջանում կազմավորվել է մալավի ցեղային միությունը, որը շուտով քայքայվել է: XIX դ. 2-րդ կեսին Մալավիում հայտնվել են եվրոպացիները (անգլիացիները և այլն): 1891-ին Մեծ Բրիտանիան ստեղծել է Նյասալենդ պրոտեկտորատը (Մալավիի տարածքը): Ազատագրական շարժումն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հատկապես հետո: 1944-ին ստեղծվել է Նյասալենդի առաջին քաղաքական կազմակերպությունը՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ), որը պայքարել է բնիկների իրավունքների ընդլայնման, իսկ 1953-ին Մեծ Բրիտանիայի դրդմամբ ստեղծված Նյասալենդի և Հարավային Ռոդեզիայի (1980-ից՝ Զիմբաբվե) ֆեդերացիայի ստեղծումից հետո՝ ֆեդերացիան վերացնելու համար: 1959-ին ԱԱԿ հայտարարվել է օրենքից դուրս, փոխարենը ստեղծվել է (1959) Մալավիի կոնգրես (ՄԿ) կուսակցությունը: Ազատագրական շարժման ճնշման տակ 1961-ին գաղութարարները հարկադրված մտցրել են բնիկներին ընտրական իրավունքներ տվող սահմանադրություն: 1963փետրվարի 1-ին Նյասալենդը ստացել է ներքին ինքնավարություն. 1963դեկտեմբերին դուրս եկել ֆեդերացիայից: 1964հուլիսի 6-ին Նյասալենդը Մալավի անվամբ հռչակվել է անկախ պետություն, 1966-ին՝ Մալավիի Հանրապետություն: 1964-ից Մալավին ՄԱԿ-ի անդամ է: 1970-ական թթ. Մալավիի կառավարությունը քաղաքական և տնտեսական սերտ հարաբերություններ է պահպանել ՀԱՀ-ի և Հարավային Ռոդեզիայի ռասիստական վարչակարգի հետ:

Պետական կարգ

Մալավին հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1966-ին: Պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը նշանակում է նախարարներին, բարձրագույն պաշտոնյաներին, իրավասու է արձակել խորհրդարանը և այլն: Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Կառավարությունը կազմված է նախագահից և նրա նշանակած նախարարներից, որոնք ազգային ժողովի անդամներ են: Օրենսդրական բարձրագույն մարմինը՝ խորհրդարանը, կազմված է նախագահից ու միապալատ ազգային ժողովից: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած քաղաքացիները: Գավառները գլխավորում են նախարարները, օկրուգները՝ օկրուգային կոմիսարները: Օկրուգներում և քաղաքներում գործում են կառավարման ընտրովի մարմիններ՝ օկրուգային և քաղաքային խորհուրդներ: Գյուղերում պահպանվել են իշխանության ավանդական մարմինները՝ առաջնորդների խորհուրդները: Դատական համակարգը կազմում են՝ Գերագույն ապելյացիոն դատարանը, բարձր դատարանը, մագիստրատների դատարանները և ավանդական դատարանները:

Աշխարհագրություն

Մալավին գտնվում է տեկտոնական խախտումների ենթարկված մինչքեմբրիի բյուրեղային ապարներից կազմված Աֆրիկական պլատֆորմի հարավ-արևելյան եզրին: Ռելիեֆում տիրապետում են 1000-1500 մ բարձրությունները: Առավելագույն բարձրությունը 3000 մ է (Մլանջե լեռնազանգված): Կան քարածխի, երկաթի, բոքսիտների, մոնացիտային ավազի հանքավայրեր: Կլիման հասարակածային մուսսունային է: Ամենատաք ամսվա (նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 20-27°C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս)՝ 14—19°C: Տարեկան տեղումները ցածրավայրերում 750-1000 մմ են, բարձրադիր շրջաններում՝ 2000-2500 մմ: Ջրագրական ցանցը կազմում են Նյասա (Մալավի) լիճը և նրանից սկիզբ առնող Շիրե (Ջամբեզիի վտակ) նավարկելի գետը:

Հողաբուսական ծածկույթ և կենդանական աշխարհ

Երկրի հյուսիսում, լեռնային կարմրահողերի վրա, տարածված են խոնավ արևադարձային անտառները, մնացած մասերում, լատերիտային շագանակա-կարմրավուն հողերի վրա՝ քսերոֆիտային արևադարձային անտառներն ու սավաննաները: Գետահովիտներում աճում են սրահային անտառներ, 1500 մ-ից բարձր լեռնային տափաստաններն են: Բնորոշ կենդանիներն են աֆրիկյան Փիղը, գոմշացուլը, ռնգեղջյուրը, զեբրը և այլն: Նյասա լիճը հարուստ է ձկներով: Տարածված է ցեցե ճանճը: Կենդանական աշխարհի պահպանության համար ստեղծվել է Մալավիի ազգային պարկը:

Բնակչություն

Մալավիում հիմնականում բնակվում են բանաուների արևելյան խմբին պատկանող ժողովուրդներ, որոնց 55%-ը մալավիներ են: Բնակվում են նաև մակուա, լոմվե, վայաո և այլ ժողովուրդներ: Բնակչության ավելի քան կեսը պահպանում է տեղական հավատալիքները, մնացածը քրիստոնյաներ և մահմեդականներ են: Պաշտոնական լեզուներն են չինյանջան (մալավիների լեզուն) և անգլերենը, տոմարը՝ գրիգորյանը: Կարևոր քաղաքներն են Բլանտայր Լիմբեն, Զոմբան, Լիլոնգվեն:

Տնտեսություն

Մալավին հետամնաց ագրարային երկիր է, կախման մեջ է նախկին մետրոպոյիայից և ՀԱՀ-ից: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Խոշոր պլանտացիաները պատկանում են եվրոպական, հատկապես անգլիական, ընկերություններին: Արտահանության համար մշակում են թեյ, ծխախոտի բարձրորակ սորտեր, գետնընկույզ, բամբակ, եղրիզենի (տունգ), կաուչուկ, ներքին սպառման համար՝ եգիպտացորեն, կորեկ, սորգո, բրինձ, ընդավորներ, մանիոկա, կարտոֆիլ: Անասնապահությունը թույլ է զարգացած: Զբաղվում են նաև ձկնորսությամբ: Կա լեռնային արդյունաբերություն:

Արտաքին Առևտուր

Արդյունահանում են քիչ քանակությամբ երկաթի հանքաքար, բոքսիտներ, կիանիտներ: 1978-ին արտադրվել է 276 մլն կվա/ժ էլեկտրաէներգիա: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է գլխավորապես գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններով: Կան ցեմենտի, շաքարի գործարաններ, ծխախոտի, թեյի վերամշակման, տեքստիլ, բամբակազտիչ, կարի ֆաբրիկաներ, սննդի և այլ ձեռնարկություններ, պարարտանյութերի արտադրություն, շինափայտի մթերում:

Տրանսպորտ

Ավտոճանապարհների երկարությունը 15.450 կմ է (2014), երկաթուղիներինը՝ 797 կմ (2014*): Բլանտայր Լիմբեում և Լիլոնգվեում կան միջազգային օդանավակայաններ: Արտաքին առևտրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Զիմբաբվեն, ՀԱՀ, ԱՄՆ, ճապոնիան, Կանադան, Չինաստանը: Արտահանում է ծխախոտ, թեյ, գետնընկույզ, բուրդ, եղրիզենու յուղ, բամբակ, ներմուծում՝ պարեն, տեքստիլ արտադրանք, նավթամթերք, սև և գունավոր մետաղներ ու դրանցից պատրաստված շինվածքներ:

Բժշկա-աշխարհագրական բնութագիր

1972-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 42*, մահացությունը՝ 8,41*: Տարածվածն են տուբերկուլոզը, տիֆերը, պարատիֆերը, դիզենտերիան, վեներական հիվանդությունները, բորը, գեոհելմինթոզները, մալարիան:

Լուսավորություն

Բնակչության մոտ 85%-ն անգրագետ է: Պարտադիր կրթության մասին օրենք չկա: Տարրական դպրոցը 8-ամյա է, միջնակարգը՝ 6-ամյա: Պրոֆտեխնիկական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (1-4 տարի): Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում միջնակարգ դպրոցի հիմքի վրա (2 տարում): Միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Մալավիի համալսարանն է (1964, Բլանտայր Լիմբե): Կան մի քանի քոլեջներ՝ գյուղատնտեսական (Լիլոնգվհ), մանկավարժական և Չանսելլորքոլեջը, գործում են նաև պոլիտեխնիկական և վարչական ինստիտուտները (բոլորն էլ՝ Բլանտայր Լիմբեում): Այս ուսումնական հաստատություններում լրիվ բարձրագույն կրթություն չեն ստանում: Խոշոր գրադարանը Չանսելլոր-քոլեջինն է: Բլանտայր Լիմբեում է Մալավիի թանգարանը (1964):

Ծանոթագրություններ