Jump to content

Հոգեկան առողջություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կան հուզական խանգարումներ, որոնք ազդում են իշխանություն գործադրողների վրա ՝ ցանկացած ձևով, որոնցից առանձնանում են հոբրիսի սինդրոմը, մեգալոմանիան, համարտիան կամ նարցիսիզմը:

Հոգեկան առողջություն, սահմանվում է որպես անձի հոգեբանական բարեկեցության վիճակ (անգլ.՝ well-being), որում նա կարողանում է իրացնել իր անձնային ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները, արդյունավետորեն աշխատել, ինչպես նաև ներդրում ունենալ հասարակական կյանքում։ Հոգեպես առողջ մարդը ձգտում է հավասարակշռել և զարգացնել իր ես-ի բոլոր կողմերը՝ ֆիզիկական, հոգեկան, կոգնիտիվ, հուզական, վարքային։ Հոգեկան հիվանդությունների բացակայությունը դեռևս երաշխիք չէ հոգեկան առողջության համար։

Հոգեկան առողջության չափանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացրել է հոգեկան առողջության հետևյալ չափանիշները.

  • ֆիզիկական և հոգեկան ես-ի անընդհատության և ամբողջականության գիտակցում,
  • նմանատիպ իրադրություններում ապրումների անընդհատության և նույնականության գիտակցում,
  • քննադատական վերաբերմունք սեփական անձի և գործունեության արդյունքների նկատմամբ,
  • հոգեկան ռեակցիաների համապատասխանություն միջավայրի ներգործություններին, պայմաններին և իրադրություններին,
  • սոցիալական նորմերին, կանոններին և օրենքներին համապատասխան սեփական վարքագծի ինքնակառավարման կարողություն,
  • սեփական կենսագործունեությունը պլանավորելու և այդ պլաններն իրականացնելու կարողություն,
  • կենսական իրադրությունների փոփոխության դեպքում վարքագիծը փոխելու կարողություն[1]։

Հոգեկան առողջության համաշխարհային օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվում է 1922 թվականից յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի 10-ին։

Հոգեկան առողջության պահպանման ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սնունդ – որոշ սննդամթերքների (աղ, շաքարավազ, կծու կերակուրներ, գազավորված ըմպելիքներ և այլն) հաճախակի օգտագործումը կարող է նպաստել այնպիսի հորմոնների ավելացմանը, որոնք առաջացնում են հուզական լարվածություն։
  2. Ֆիզիկական ակտիվություն – ֆիզիկական վարժությունների կատարումը ոչ միայն ամրապնդում է մկանները, օրգանների աշխատանքը, այլև նպաստում էնդորֆինների առաջացմանը, որոնք բարձրացնում են տրամադրությունը։ Կարևոր է նաև օրվա ռեժիմում բավականաչափ ժամանակ հատկացնել մաքուր օդում զբոսնելուն, հանգստին և քնին։
  3. Հույզերի կառավարում և դրսևորում – հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից կարևոր է ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերի արտահայտումը։ Բացասական հույզերը օրգանիզմի նորմալ արձագանքն են ոչ սովորական պայմաններին, դրանք պետք չէ ժխտել կամ թաքցնել։ Կարելի է գտնել արտահայտման առավել ռացիոնալ եղանակներ, կատարել ռելաքսացիոն վարժություններ, զբաղվել մեդիտացիայով, յոգայով։
  4. Ճանաչել սեփական թուլություններն ու թերությունները – եթե անձը գիտի, թե որ իրադրություններն են իր մեջ առաջացնում չափազանց ուժեղ ռեակցիա, ապա կարող է պաշտպանվել դրանցից։
  5. Դրական մտածելակերպի ձևավորում – պետք է սովորել գնահատել ունեցածը, չկենտրոնանալ բացասական ինֆորմացիայի վրա, դադարել զբաղվել քննդատությամբ։
  6. Հետաքրքրությունների ձևավորում և կարողությունների զարգացում – իրենց դժբախտ համարող մարդիկ հազվադեպ են ունենում շատ հետաքրքրություններ։ Որքան մարդը շատ հետաքրքրություններ է ունենում, փորձում է իրեն տարբեր բնագավառներում, այնքան հետաքրքիր է դառնում նրա կյանքը։
  7. Ժպտալ – հաճախակի ժպտալը դրական է անդրադառնում մարդու ինքնազգացողության վրա։

Մարդու իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց հանդեպ խտրական վերաբերմունքն ունի խորը արմատներ և շարունակվում է նաև հիմա։ Միջազգային կազմակերպությունների կողմից նրանց՝ որպես խոցելի խմբի առանձնացումը և առանձին կոնվենցիաների ստեղծումը սկսվել են ընդամենը երկու տասնամյակ առաջ՝ իննսունականներից[2]։ Մինչ յոթանասունականները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորվում էին Իրավունքների միջազգային օրինագծով, որն իր մեջ ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագիրը[3], Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային պայմանագիրը[4]։ Խնդիրն այն է, որ այս իրավական փաստաթղթերում հաշմանդամություն ունեցող անձիք չէին առանձնացվում որպես անջատ խումբ, որն ունի հատուկ կարիքներ, այլ նրանց իրավունքներն ընդհանրացվում էին բոլոր մարդկանց համընդհանուր իրավունքներով։

Համենայն դեպս, 1970-ականներին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունել է մի քանի ոչ պարտադիր պայմանագրեր, ներառյալ Մտավոր հետամնաց անձանց իրավունքների մասին հռչակագիրը[5]։

1980-ականներին որոշ միջոցառումների շնորհիվ սկսվեց մեծ ուշադրություն դարձվել հոգեկան առողջությանը վերաբերող միջազգային իրավունքին։ Մասնավորապես, 1981թ֊ը ՄԱԿ֊ի կողմից հայտարարվեց որպես հաշմանդամություն ունեցող անձանց տարի, իսկ 1983թ֊ից 1992թ.֊ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց տասնամյակ[6]։

Այլ ոչ պարտադիր պայմանագրեր կնքվել են նաև 1990-ականներին, որոնք հետագայում ծառայեցին որպես ուղեցույց միջազգային օրինագծերի համար։ Դրանք էին՝

  1. Ստանդարտ օրենքներ հաշմանդամություն ունեցող անձանց հնարվորությունների հավասարեցման համար(1993)[7]
  2. Մադրիդյան հայտարարագիր[8] (1996)
  3. Հոգեկան առողջության օրենք. 10 հիմնական դրույթներ և ԱՀԿ֊ի ուղեցույցեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջխաղացման համար[9]

2001թ.ին ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեան ստեղծեց հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հռչակագրի իրավունքներ առանձնացնելով[10]։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին ավելի քան 40 ներկայացուցիչներ տարբեր երկրներից և 400 հասարակական կազմակերպությունների աշխատողներ։ 5 տարվա միասնական աշխատանքը հանգեցրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ստեղծմանը, որն ընդունվեց 2006թ.֊ի դեկտեմբերի 13֊ին։ Ի տարբերություն նախորդ պայմանագրերի, հայտարարագրերի և փաստաթղթերի, այս կոնվենցիան ուներ իրավաբանորեն պարտավորեցնող ուժ։

Անցած մի քանի տասնամյակների ընթացքում եվրոպական մի շարք երկրներում լուրջ ջանքեր են գործադրվել ՝ բացառապես ստացիոնար պայմաններում հոգեկան առողջության պահպանման համակարգից (ինստիտուցիոնալ բժշկական օգնություն) անցնելու մեկ այլ համակարգի, որտեղ հիմնական շեշտը դրվում է համայնքային մակարդակով բժշկական օգնության և աջակցության տրամադրման վրա։ Համայնքային մակարդակով մատուցվող ծառայությունները նպաստում են մարդու հիմնական իրավունքների խթանմանը և պաշտպանությանը[11]։

Այդպիսով մարդը չի մեկուսանում շրջակա միջավայրից, չի խախտվում նրա՝ հասարակական կյանքում ներգրավված լինելու իրավունքը, ինչը ոչ միշտ է ստացվում ապահովել հոգեբուժական կլինիկաներում[12]։

Հայաստանում այս խնդիրը նույնպես բարձրաձայնվել է տարբեր կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից։ 2019թ.֊ի օգոստոսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը ներկայացրել է ծրագիր, որով պետք է կարգավորվի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների  տրամադրումը[13]։

Իրավիճակը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 2017 թվականի դրությամբ հաշվառվել է շուրջ 52 հազար հոգեկան խնդիրներ ունեցող գրանցված անձ ։ 2016֊ի համեմատ թիվն ավելացել է 3 տոկոսով[12]։ Իսկ 2013թ.֊ին թիվը եղել է 20064 մարդ[14]։

Հայաստանում գործում է 6 հոգեբուժական կլինիկա, որոնցից երեքը Երևանում, մնացած երեքը՝ Արարատի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում[15]։

Սակայն հետազոտություններում նշվում է, որ դրանց ծառայությունները բավարար չեն՝ ապահովելու առկա կարիքը, գործող ծառայություններն էլ և՛ քանակապես, և՛ որակապես չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին[14]։

Հայաստանի Հանրապետությունում 2004թ.֊ի մայիսի 25֊ից գործում է ՀՀ օրենքը հոգեբուժական օգնության մասին[16]։

Այն հոգեկան առողջությունը սահմանում է որպես մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը։ Վեցերորդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ «հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։  Ըստ նույն հոդվածի յոթերորդ կետի՝ «իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը»։

Ինչպես նշվում է յոթերորդ հոդվածում, հոգեբուժական օգնությունը պետությունն իրականացնում է իր միջոցների հաշվին.

«Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով»։

Բժշկական հաստատությունը պարտավոր է բուժվողին իրազեկել իր իրավունքների մասին.

«Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում...»։

2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան։ Այն պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ներառյալ` չարաշահումից, բռնությունից և խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը, սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու, կրթության, փոխադրման և այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիության իրավունքը, զբաղվածության և պատշաճ կենսամակարդակիիրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը[17]։

Հավելվածները պարունակում են ոչ միայն տեսական մաս՝ ախտանիշների նկարագրություններով և անհանգստության/խուճապի դեմ պայքարի ուղիներով, այլ նաև գործնական մաս՝ թեստեր և վարժություններ, որոնք օգնում են վերականգնել ինքնատիրապետումը։ Պրակտիկաների մի մասը ներկայացված է խաղի տեսքով։ Օրինակ՝ «Օգնիր տագնապողին» խաղում, որպեսզի հանգստացնես մուլտհերոսին, պետք է ճիշտ պատասխանել նրա հարցերին, օրինակ՝ «արժի՞ ալկոհոլ խմել տագնապի ժամանակ»։ Խաղի նպատակն է սովորեցնել օգտատիրոջը, թե ինչպես ճիշտ վարվել տապնապի հարձակման ժամանակ։

Մեդիտացիան, եթե կանոնավոր կերպով կիրառվի, կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը, մեծացնել կենտրոնանալու և զգացմունքները կառավարելու ունակությունը, պարզել են Մաքս Պլանկի անվ․ (Գերմանիա) Ճանաչողական գիտությունների և ուղեղի ինստիտուտի գիտնականները։ Համաճարակի ընթացքում առցանց մեդիտացիան մեծ ժողովրդականություն է վայելել, այդ թվում՝ սմարթֆոնների հավելվածների միջոցով[18]։ Հրահանգչի ձայնագրված ձայնը տալիս է այնպիսի հրահանգներ, ինչպիսիք են «Երեք խորը շունչ քաշեք» կամ «Կենտրոնացեք այն մարդու մասին մտքերի վրա, որոնց համար շնորհակալ եք»։ Հոգեկան առողջության բջջային հավելվածների շուկայի ներուժը հսկայական է։ 2021 թվականին հոգեկան առողջության ընդհանուր շուկան գնահատվել է 4,2 միլիարդ ԱՄՆ[19] դոլար և ակնկալվում է, որ մինչև 2022 թվականը կկազմի 5,2 միլիարդ դոլար[20], իսկ մինչև 2027 թվականը՝ 17,5 միլիարդ դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World Health Organisation. «Mental Health: Strengthening Our Response (Fact sheet N°220)». World Health Organisation. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  2. «(PDF) Mental Health Law and Human Rights». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Declaration on the Rights of Mentally Retarded Persons».
  6. «10th anniversary of the adoption of Convention on the Rights of Persons with Disabilities (CRPD) | United Nations Enable». www.un.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «Standard Rules on the Equalization of Opportunities for Persons with Disabilities | United Nations Enable». www.un.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «Madrid Declaration». WPA (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «MENTAL HEALTH CARE LAW: TEN BASIC PRINCIPLES» (PDF).
  10. Comprehensive and Integral Convention to Promote and Protect the Rights and Dignity of Persons with Disabilities, G.A. Res. 168, U.N. GAOR, 56th Sess., 88th plen. mtg., U.N. Doc. A/56/583/Add.2 (2001).
  11. «Mental health II Balancing institutional and community-based care» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 11-ին.
  12. 12,0 12,1 «Մարդու իրավունքները հոգեբուժարաններում և քաղաքական ցնցումների ազդեցությունն առողջության վրա | Epress.am». 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «Կկարգավորվի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների տրամադրումը. նախագիծ».
  14. 14,0 14,1 «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգ» (PDF).
  15. «• ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. «ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014- 2019թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման վերաբերյալ» (PDF).
  18. «Feeling stressed? Meditation apps see surge in group relaxation». washingtonpost.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  19. «Mental Health App Development: features, benefits & costs». purrweb.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  20. «Mental Health Apps Market Size, Share & Growth Report, 2030». grandviewresearch.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]