Բոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[11][12] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 525)։