Jump to content

իշխանություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ իշխանութիւն

վանկեր՝ իշ•խա•նու•թյուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. պետությունը կառավարելու իրավունք, քաղաքական տիրապետություն ◆ Նա (բանվոր դասակարգը) իշխանությունը վերցնում է ոչ թե նրա համար, որ շահագործման մի ձև փոխարինի մյուսով, այլ նրա համար, որ ոչնչացնի ամեն մի շահագործում և ամեն մի դասակարգ։ (Դասագիրք) ◆ Այս օրվանից ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդներին։ (Ակսել Բակունց)
  2. պետական կառավարման մարմինների ամբողջությունը, կառավարություն ◆ Քաղաքում երկար ժամանակ գոյություն ուներ երկու իշխանություն՝ քաղաքային դուման և բանվորական դեպուտատների խորհուրդը։ ◆ Եթե իշխանության ձեռքը ընկնելու լինեն, - ասաց նա- այդ թղթերից մեկը բավական է, որ քեզ, տանուտեր Խաչո, քո որդիների հետ կախաղան բարձրացնեն։ (Րաֆֆի) ◆ Այս րոպեին ես ինձ մոտ ունիմ պատշաճավոր իշխանության կողմից տրված ժապավինյալ մատյան։ (Րաֆֆի)
  3. պետություն, պետականություն ◆ Արշակունյաց իշխանությունը անկման վիճակի մեջ էր։ (Րաֆֆի) ◆ Հայերն էլ մի ժամանակ ունեին պետություն, իշխանություն և զորություն աշխարհի մեջ։ (Րաֆֆի)
  4. պետական մարմիններ իրավունքը և լիազորությունը ◆ Օրենսդրական իշխանություն:
  5. վարչակարգ, տիրապետություն ◆ Պարսից իշխանությունը այս երկրից անցնելեն հետո նոր տիրապետողի նոր քաղաքակրթությունը ամենևին չկարողացավ փոխել նրան։ (Րաֆֆի)
  6. որևէ իշխանի՝ կառավարչի կողմից կառավարվող երկիր՝ երկրամաս՝ նահանգ՝ տարածություն ◆ Այնուհետև ցանկացար, որ իմ զորքերը հանեմ քո հոր իշխանության սահմաններից։ (Մուրացան)
  7. իշխելու՝ կառավարելու ժամանակաշրջանը ◆ Նրա իշխանությունը կարճ տևեց
  8. իշխան լինելը, իշխանավորություն ◆ Բայց ժամանակներին հասցրած հարվածն ու վիրավորանքը ընդունում էր վիրավորանք իր իշխանության, իր անձի հասցեին։ Դերենիկ Դեմիրճյան
  9. իշխանական տիտղոս ◆ Ինչ է պակասում թշնամուն. մեկին թագ կընծայե, մյուսին իշխանություն կտա. այդ տիտղոսներով նրանց փառամոլությունը կգրգռե։
  10. (փխբ․) պաշտոնական անձ կամ անձինք ◆ Նա Նա Արինցևի կթան կովն էր, իմ ձեռքն ընկավ, որովհետև Ագրինցևը չէր կարողացել լավ շոյել նորին իշխանության սիրտը։ (Շիրվանզադե) ◆ Նրա կողքից քայլում էր ինքը՝ գյուղի իշխանությունը:
  11. կառավարելու՝ հրամայելու՝ կարգադրելու իրավունք՝ հնարավորություն ◆ Դպրոցը գտնվում էր եկեղեցական անմիջական իշխանության ներքո։ (Րաֆֆի) ◆ Ինչ է իշխանությունը, իշխանությունը կամքերի միակցությունն է՝ փոխանցված մի անձի։ Թարգմ
  12. իրավասություն, ղեկավարում ◆ Եվ նա ծրագրեր էր հորինում որևէ միջոցով ազատվելու համար ավագ եղբոր իշխանությունից: (Շիրվանզադե) ◆ Նրանից հետո երկրորդ տեղն է բռնում մեծ տատը, որի իշխանությունը տարածվում է ավելի կանանց հասարակության վրա։ (Րաֆֆի)
  13. (հզվդ․) զորություն, ուժ, ազդեցություն ◆ Նրա խոսքի իշխանությունը ընկճում էր բոլորին։
  14. (հզվդ․) հարկադրանք ստիպմունք ◆ Անձրևը շարունակ թափվում էր, ես ամբողջապես նրա իշխանության տակ էի գտնում։ (Մուրացան)
  15. որևէ բանի բացարձակ գերիշխում՝ տարածվածություն, թագավորություն ◆ Խավարի իշխանություն:
  16. (եկեղ․) եպիսկոպոսի թեմ՝ վիճակ
  17. (սոց․) բռնի իշխանություն, որը փորձում է իշխել զենքով
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. տիրապետություն, գաիսոն (բնստ․) թագավորական
  2. կառավարություն
  3. տե՛ս պետություն, տերություն
  4. տե՛ս ղեկավարություն
  5. տե՛ս գերիշխանություն
  6. տե՛ս թագավորություն
  7. տե՛ս նախարարություն
  8. տե՛ս մելիքություն
  9. տե՛ս իրավասություն
  10. տե՛ս ազդեցություն
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. իր իշխանության տակ առնել – իրեն ենթարկել ◆ Դոլոխովի ձեռները, որոնց Ռոստովը և սիրում էր և ատում, նրանց առել էին իրենց իշխանության տակ: Թարգմ
  2. իշխանություն բանեցնել – փորձել ուրիշնեի վրա իշխել, ղեկավարել, իր իրավունքները չարաշահելով ուրիշների վրա իշխել, ուրիշներին ղեկավարել ◆ Չեմ թույլ տալ Սմբատին իմ գլխին իշխանություն բանեցնի: (Շիրվանզադե)
  3. իշխանության վրա լինել – տե՛ս իշխանություն ունենալ ◆ Այդ բոլորի գլուխը կանգնում էր ինքը Պողոսը, որ այդ ժամանակ իշխանության վրա էր: Վրթանես Փափազյան
  4. իշխանություն ունենալ – իշխելու՝ կառավարելու իրավունք՝ պաշտոն ունենալ
  5. մեկի իշխանությանը հանձնվել՝ ենթարկվել – մեկի ազդեցության տակ լինել՝ ընկնել, մեկին ենթարկել
  6. իշխանությունը կորցնել – այլևս ազդեցություն չունենալ
  7. ես ձեր իշխանության տակ եմ – լսում եմ ձեզ, պատրաստ եմ կատարելու ձեր ամեն մի կարգադրությունը
  8. իշխանության գլուխ անցնել
    1. ղեկավարություն ստանձնել, պաշտոնյա դառնալ
    2. պետության ղեկավարությունը ստանձնել
  9. մեկին իր իշխանության տակ պահել – մեկի վրա ազդեցություն ունենալ
  10. իշխանությունը չարաշահել՝ ի չարը գործ դնել – իշխելու ընթացքում կամայականություններ թույլ տալ, իշխանությունը իր քմայնքներին ու շահերին ծառայեցնել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։