Jump to content

Խոզաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոզերը գոմում

Խոզաբուծություն, անասնաբուծության ճյուղ, զբաղվում է խոզերի բուծմամբ՝ միս, ճարպ, կաշի և այլ մթերքներ ստանալու համար։

Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2, 5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80 - 85, մատղաշներինը 72 - 75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% մկանային հյուսվածք, 38% ճարպ։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90 - 95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամիններով։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմային խոզաբուծական ֆերմայում աճեցնում են տոհմային մատղաշներ, ապրանքային խոզաբուծական ֆերմայում արտադրում են միս։ Ապրանքային խոզաբուծական ֆերմաները լինում են վերարտադրողական (բտման մասնագիտացված ձեռնարկությունների համար բուծում են խոճկորներ), բտման (մատղաշներին բտում են մինչև մսամթերման հանձնելը) և ավարտուն արտադրական շրջափուլով (ստանում են խոճկորներ և դրանց բտում են մինչև մսամթերման հանձնելը)։ Խոզաբուծական ֆերմայի չափերը պայմանավորված են տնտեսության մթերատվության ուղղվածությամբ, բնատնտեսական պայմաններով։ Տնտեսության պայմաններից կախված խոզերը կարող են խոզաբուծական ֆերմայում պահվել ողջ տարին կամ միայն ձմռանը (տարվա տաք ժամանակաշրջանում դրանց տեղափոխում են ամառային ճամբարներ)։ Խոզերին պահում են հատուկ շինություններում՝ խոզանոցներում։ Խոզաբուծական ֆերմայի տարածքում կառուցում են նաև կերապատրաստման արտադրամաս, անասնաբուծական, սանկենցաղային և ծառայողական շինություններ, տարբեր կառուցվածքներ (ջրամատակարարում, կոյուղի և այլն), կերերի և ցամքարի պահեստարաններ և այլն։

Խոզաբուծությունն աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև XVIII-XIXդարերում եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ XIX դարից Եվրոպայում, հատկապես Անգլիայում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։

Խոզաբուծությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում (Թեղուտ, Շենգավիթ, Աղստև) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ XI դարից Հայաստանում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1920 թվականի դրությամբ Հայաստանում կար 5200 գլուխ խոզ։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո խոզաբուծությունը սկսել է զարգացում ապրել, և արդեն 1928 թվականին բուծվում էր մոտ 30 000, 1976 թվականին՝ 142 000 խոզ։

Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով խորհրդային շրջանում կառուցվել էր Սովետաշենի (այժմ՝ Նուբարաշեն) խոզաբուծական համալիրը, իսկ 10-րդ հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզաբուծություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 65
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։